ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջև համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որի շնորհիվ հայկական երկու պետությունների իրավապահ մարմիններին հաջողվում է համատեղ ուժերով նպատակային պայքար մղել հանցավորության և հակահասարակական դրսևորումների դեմ, հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող կամ անհայտ կորած անձանց, ապահովել հասարակության խաղաղ կենսագործունեությունն ու զարգացման առաջընթացը:
Վերոգրյալի արդյունավետությունը պայմանավորվում է իրավակարգին ծառայելու անձնվիրությամբ օժտված նվիրյալների քրտնաջան աշխատանքով:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի մարտի 7-ի հրամանով` ԼՂՀ և ՀՀ ոստիկանությունների միջև սերտ համագործակցության ամրապնդման, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում զգալի ավանդ ներդնելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Արտուշի Ավետիսյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Պարգևատրման հանդիսավոր արարողակարգը կատարեց ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, ով, շնորհավորելով գնդապետ Ավետիսյանին, հույս հայտնեց, որ այսուհետ առավել կամրապնդվի և որակական նոր հարթություն կտեղափոխվի երկու հայկական իրավապահ կառույցների միջև համագործակցությունը՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդի: